Կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման արդյունավետությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնի թափուր տեղերի համալրման գործընթացում առկա գործնական խնդիրներով և դրանց լուծման անհրաժեշտությամբ։ Արդյունքում՝ նախատեսվում է հստակեցնել և իրավականորեն ամրագրել տնօրենի նշանակման գործուղման մեխանիզմը՝ որպես մրցութային ընթացակարգի կիրառման անհնարինության դեպքում կիրառվող այլընտրանքային միջոց,ապահովել տնօրենի պաշտոնի թափուր տեղերի համալրման գործընթացի ճկունություն՝ միաժամանակ պահպանելով թափանցիկության, օբյեկտիվության և մասնագիտական գնահատման սկզբունքները, կանխել ուսումնական հաստատությունների կառավարման մեջ առաջացող երկարաժամկետ դատարկումները կամ ժամանակավոր լուծումների երկարաձգումը։

Փոփոխություններով գործուղման ընթացակարգը համակարգվում է գործող մրցութային կարգավորման տրամաբանության հետ՝ պահպանելով մասնագիտական հանձնաժողովի ներգրավվածությունը, զարգացման ծրագրի ներկայացման և գնահատման պահանջները, ինչպես նաև հարցազրույցի փուլը։ Այն հնարավորություն է տալիս ապահովել, որ գործուղման միջոցով նշանակվող տնօրենը նույնպես անցնի մասնագիտական և բովանդակային գնահատման գործընթաց։ Միևնույն ժամանակ, փոփոխությունները նպաստում են իրավական որոշակիության բարձրացմանը՝ հստակ սահմանելով այն պայմանները, դեպքերը և ընթացակարգերը, որոնց առկայության դեպքում կարող է կիրառվել գործուղման մեխանիզմը, ինչպես նաև լիազոր մարմինների և հավակնորդների իրավունքներն ու պարտականությունները։

Leave a Comment