«Ինտերը» մտադիր է 1 տարվա պայմանագիր առաջարկել Մխիթարյանին, սաուդյան ակումբները ևս հետաքրքրված են

«Ինտերը» մտադիր է 1 տարվա պայմանագիր առաջարկել Մխիթարյանին, սաուդյան ակումբները ևս հետաքրքրված են

12 փետրվարի 2026 – 15:21 AMT

PanARMENIAN.Net – Իտալական «Ինտերը» մտադիր է երկարաձգել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը։ Ակումբը պատրաստվում է 37-ամյա կիսապաշտպանին առաջարկել մեկ տարվա նոր պայմանագիր։

Sempreinter.com-ը, հղում անելով FCInterNews-ին, հայտնել է, որ փոխադարձ համաձայնության դեպքում հայ ֆուտբոլիստը կարող է իր մասնագիտական ուղին ավարտել «Սան Սիրոյում»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին Մխիթարյանի հեռանալը «Ինտերից» գրեթե կանխորոշված էր թվում, սակայն նրա արդյունավետ և կայուն խաղը փոխել է ակումբի դիրքորոշումը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը, գրում է Factor.am-ը:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի դերը թիմում և կարևորությունը խաղային կառուցվածքում։

Միաժամանակ նշվել է, որ Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով։

Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից հանդես է գալիս «Ինտերի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Իր կարիերայի ընթացքում Մխիթարյանը խաղացել է Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) և «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) և «Արսենալում» (2018-2019 թթ.), ինչպես նաև իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։

Leave a Comment