12 փետրվարի 2026 – 15:26 AMT
PanARMENIAN.Net – Լոռու մարզի դպրոցներից մեկում փետրվարի 11-ին արձանագրված ծեծկռտուքի հետևանքով տուժած 13-ամյա աշակերտը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այդ մասին հայտնել է ուսումնական հաստատության տնօրեը:
Panorama.am-ի տվյալներով միջադեպը տեղի է ունեցել Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը զրույցում չի հերքել այդ տեղեկությունը։
«Դասերի ժամանակ չի եղել, եղել է դասամիջոցին, դպրոցում։ Ծնողի հետ եմ զրուցել, երեխան այս պահին տանն է, սակայն գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Հետագա ընթացքի մասին կիմանանք»,- նշել է Մխիթարյանը։
Անդրադառնալով միջադեպին մասնակցած աշակերտներին՝ տնօրենը ընդգծել է, որ նրանց վարքի հետ կապված նախկինում խնդիրներ չեն արձանագրվել:
«Ակտիվ, ընկերասեր երեխաներ են, լավ սովորում են, խնդիրներ չեն ունեցել»,-ասել է նա:
Հարցին, թե ինչպես է հնարավոր եղել նման դեպք դպրոցում և արդյոք տվյալ պահին տարածքում աշխատակիցներ չեն եղել, Մխիթարյանը պատասխանել է. «Այս պահին այդ գործը քննվում է, եթե նման բան է եղել, միանշանակ կարձանագրեն։ Այն, ինչը որ անհրաժեշտ էր կազմակերպել, կազմակերպվել է, բոլորն իրենց տեղում են եղել»։
Թե ինչի շուրջ է առաջացել վիճաբանությունը և քանի աշակերտ է մասնակցել ծեծկռտուքին, տնօրենը հրաժարվել է մեկնաբանել՝ շեշտելով, որ գործը գտնվում է քննության փուլում։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), հայտնում է Factor.am-ը:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 11-ին, Լոռու մարզի դպրոցներից մեկում աշակերտների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մեկ երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ը հայտնել էր, որ նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։