11 փետրվարի 2026 – 18:48 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։ Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։
Ռուբինյանը հետաքրքրվել է, թե երբ է փակվելու գործող ատոմակայանը, արդյոք մինչև այդ նոր կայան կկառուցվի, ինչ ձևաչափով և որ երկրների հետ, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրադառնալով միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ դեռ ընթացքի մեջ են քննարկումները՝ պարզելու համար, թե ինչ նախագծով է նպատակահարմար շարժվել։
«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և, իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»,– հայտարարել է նա։
Վարչապետը նաև անդրադարձել է օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքներին՝ տեղեկացնելով, որ առաջիկայում Հայաստանն ամերիկյան կողմին կփոխանցի իր դիտարկումները «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի վերաբերյալ։
«Համաձայնագրի նախագիծը հիմնված կլինի երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված շրջանակային փաստաթղթի վրա»,– նշել է վարչապետը։
Փետրվարի 9-ին Երևանում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ համաձայն որի ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիարդ դոլար, որից 5 միլիարդը վերաբերում է սարքավորումների մատակարարմանը, իսկ 4 միլիարդը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորի երկարաժամկետ սպասարկման պայմանագրերին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է՝ հայտարարելով, որ միջուկային ոլորտում Ռուսաստանը ունի ավելի մեծ փորձ և մատուցում է ծառայություններ ավելի մատչելի արժեքով՝ համեմատած ԱՄՆ-ի հետ։