Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները։
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ո՞րն է նախագծի նպատակը
Ժամանակակից ընկալմամբ դպրոցը միայն դասեր անցկացնելու վայր չէ, այլ միջավայր, որտեղ կրթությունն ու ուսումնական գործընթացներն իրականացվում են տարբեր ձևերով՝ դասարանում, միջանցքներում, դպրոցի բակում և բաց տարածքներում։
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է դպրոցի սովորողների, մանկավարժական և վարչական աշխատողների, ինչպես նաև դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանության անհրաժեշտությամբ:
Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը` հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշների սահմանման վերաբերյալ։
Հասարակության և դպրոցի զարգացման համատեքստում փոփոխվել են ուսուցիչների և սովորողների փոխհարաբերությունների ձևերը, ինչպես նաև ծնողների ու համայնքի մասնակցությունը դպրոցի գործունեությանը։ Այս փոփոխությունները կարող են առաջացնել հաղորդակցման դժվարություններ, կոնֆլիկտներ, հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր, ինչպես նաև ավելացնել վնասակար նյութերի օգտագործման և շրջանառության ռիսկերը դպրոցում։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կառույցների կողմից մշակվել և դպրոցներին է տրամադրվել բռնությունների կանխարգելման և դրանց դեպքում արձագանքման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ և ուղեցույցներ:
Թվարկված բոլոր խնդիրներն ու հարցերը պայմանավորում են դպրոցում գործող մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը՝ ապահով և անվտանգ միջավայրի ձևավորման նպատակով, ինչպես նաև այդ միջավայրի ապահովմանն ուղղված հստակ չափանիշների և ընթացակարգերի սահմանումը։
Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Սույն իրավական ակտի ընդունումից հետո կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգության ապահովման չափանիշները, որի արդյունքում կբարձրանա դպրոցում սովորողների, ուսուցիչների և դպրոցի անձնակազմի անվտանգ գործունեության մակարդակը։
Բյուջետային ազդեցությունը
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների, լրացուցիչ ծախսերի ավելացում չի նախատեսում:
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: