Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ պատրաստվում են ամրապնդել Ադրբեջանի հետ իրենց ռազմավարական համագործակցությունը:
«Մենք Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորում, այդ թվում՝ զրահաբաճկոններ, կատերներ և այլն»,- մանրամասնել էր նա:
Նշված գրառման մեջ Թրամփը հայտնել էր նաև, որ Հայաստանի հետ էլ պատրաստվում են խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կնքել:
Ավելի ուշ այս ամենը գործնական տեսք ստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում. Երևանում Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը ստորագրեցին միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն, իսկ Բաքվում Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են https://minval.az/news/124515952 ռազմավարական գործընկերության մասին խարտիա, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ: Մասնավորապես, ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական խարտիայում անվտանգության և պաշտպանության ոլորտին առնչվող հետևյալ կետերն են ամրագրված`
– Ադրբեջանը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել պաշտպանական համագործակցության և անվտանգության ոլորտում փոխգործակցության շրջանակը, որը ներառում է նաև պաշտպանական արտադրանքի վաճառք կամ մատակարարում:
– Ադրբեջանը և ԱՄՆ-ը, հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարին հավատարմությունը, մտադիր են ընդլայնել այս ոլորտում գոյություն ունեցող համագործակցությունը։
– Ադրբեջանը և ԱՄՆ-ը մտադիր են համագործակցել՝ հզորացնելու կիբերանվտանգության ներուժը և պաշտպանելու կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառուցվածքները (Ադրբեջանը կիբերանվտանգության ոլորտում երկար տարիներ ռազմավարական համագործակցություն ունի Իսրայելի հետ։- Մ.Պ.):
– Հաշվի առնելով ականների և այլ պայթուցիկ նյութերի հետ կապված Ադրբեջանի առջև ծառացած լուրջ մարտահրավերները, Ադրբեջանը և ԱՄՆ-ը մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման կարողությունների զարգացման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման տեսքով:
Նշվում է, որ Խարտիայի համատեքստում ստանձնած պարտավորությունների կատարումը ենթադրում է նաև աշխատանքային խմբերի ստեղծում, տվյալ դեպքում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում:
Բացի այս, Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանին մատակարարելու են նոր կատերներ, որպեսզի օգնեն երկրին պաշտպանել իր տարածքային ջրերը։
Այս համատեքստում մի դրվագ հավելենք: 168.am-ը, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, հայտնել է, որ Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ (48 միավոր)։ Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։ Իհարկե, դեռ պարզ չէ՝ ադրբեջանական մտադրության մասին տարածված տեղեկությունը կդառնա՞ ինչ-որ պահի շոշափելի պայմանագիր, թե՞ ոչ:
Բայց մի բան, ըստ ադրբեջանական աղբյուրների, հստակ է՝ Gripen կործանիչների ձեռքբերման դեպքում Ադրբեջանն անխուսափելիորեն բախվելու է իրավաքաղաքական հավելյալ ֆիլտրերի, քանի որ ինքնաթիռը հագեցած է General Electric F414G ամերիկյան շարժիչով, ինչը ենթադրում է՝ ԱՄՆ-ի կողմից պիտի լինի թույլտվություն ռեէքսպորտի համար: Այսինքն, նշված հարցը դուրս է ադրբեջանա-շվեդական բանակցությունների շրջանակից և եռակողմ համաձայնության առարկա է դառնում այս դեպքում:
Իհարկե, Բաքվում գտնում են, որ Ալիևի և Թրամփի ջերմ հարաբերությունները կարող են դրական դեր խաղալ՝ դյուրացնելու ամերիկյան բաղադրիչների արտահանման լիցենզիայի ստացումը, հատկապես հաշվի առնելով Թրամփի ադմինիստրացիայի 907-րդ ուղղման կասեցումը, թեև Բաքուն ձգտում է հասնել սահմանափակումների ամբողջական և վերջնական բացառմանը:
Վերադառնանք Վենսի՝ երևանյան այցին: Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»: Ընդ որում, լուսանկարներ էին հրապարակվել:
Իսկ ԱՄՆ փոխնախագահը նույն ժամանակ մի փոքր այլ հայտարարություն է արել.
«11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար»:
Համաձայնեք, որ Փաշինյանի և Վենսի ասածների միջև տարբերություն կա, այսինքն՝ ԱԹՍ-ի և տեխնոլոգիայի վաճառքը նույնը չէ: Օրինակ, Սլովենիան Ադրբեջանին տրամադրել է ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության տեխնոլոգիան, Բաքուն էլ համապատասխան ֆինանսական միջոցներ է ներդնելու, որպեսզի կազմակերպվի դրանց արտադրությունը: Ընդ որում, այս սիներգիայի ձևավորման նպատակը համաշխարհային շուկաներին նոր արտադրանք տալն է: Արդյո՞ք Հայաստանի դեպքում նույն բանը կարող է տեղի ունենալ:
Ի դեպ, մի քանի օր է՝ Պաշտպանության նախարարությունից փորձում ենք ստանալ այս հարցի պատասխանը՝ մեզ տեխնոլոգիա են վաճառե՞լ, թե՞ ԱԹՍ, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել:
Նշենք, որ Ուկրաինայում ռազմական մկրտություն ստացած և ԱՄՆ զինուժի կողմից կիրառվող ամերիկյան «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքերը Հնդկաստանը ևս գնել է, իսկ հիմա արդեն տեղեկություններ կան, որ երկիրը թույլտվություն ունի այն արտադրելու՝ Shield AI ընկերության լիցենզիայով:
Հայաստանի դեպքում դեռ հստակեցումների անհրաժեշտություն կա՝ ԱՄՆ-ը ՀՀ-ին զուտ ԱԹՍ-նե՞ր է վաճառել, թե՞ կարող ենք հայ-ամերիկյան ձեռնարկության կամ ամերիկյան տեխնոլոգիայով ռազմական նշանակության արտադրության ստեղծման ակնկալիք ունենալ ապագայում:
Հավելենք, որ V-BAT-ը (ԱՄՆ զինված ուժերում կիրառվող պաշտոնական անվանումն է՝ MQ-35A) ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) անօդաչու օդային համակարգ է: V-BAT-ը ստեղծվել է Martin UAV ընկերության կողմից և հետո ձեռք բերվել Shield AI-ի կողմից։
Ի դեպ, մոտ երկու շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով հայտարարվում է ամերիկյան զենքի վաճառքի կամ արտահանման նոր ռազմավարության մասին։ Նշվում է, որ առաջնահերթությունը տրվելու է այն դաշնակից կամ գործընկեր երկրներին, որոնք զբաղված են սեփական պաշտպանության ամրապնդմամբ, և այս տրամաբանության մեջ են ներդրումներ անում, ինչպես նաև՝ գտնվում են աշխարհագրական առումով կրիտիկական կարևորություն ունեցող տարածաշրջանում, այսինքն, աշխարհագրական դիրքի առումով հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ ծրագրերի և գործողությունների տեսանկյունից, կամ՝ նպաստում են ամերիկյան տնտեսական անվտանգությանը: Սա, ըստ էության, առկա է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի դեպքում՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: