Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին, որի հետ քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ գործընթացները։
Մայր Աթոռից հավելել են, որ հանդիպումը կայացել է փետրվարի 11-ին։ Կողմերն անդրադարձել են նաև մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է իրավական գործընթացների թափանցիկության և մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։