ՔԿ․ Վաղարշապատում 6 անձ ձերբակալվել է՝ խոչընդոտել են ընտրական իրավունքի իրականացմանը

ՔԿ․ Վաղարշապատում 6 անձ ձերբակալվել է՝ խոչընդոտել են ընտրական իրավունքի իրականացմանը

11 փետրվարի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.NetՎաղարշապատ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ հարուցված գործի շրջանակում 6 անձ ձերբակալվել է՝ նրանց նկատմամբ կալանավորման միջնորդություն կներկայացվի: Այդ մասին ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

«6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հրատապ ասուլիսում հայտարարել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում վաղ առավոտից սկսված իրավապահ գործողությունների հետևանքով արդեն ավելի քան 10 քաղաքացի է ձերբակալվել։

Leave a Comment