Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի ունեն բոլոր իրավունքները հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս կատարած այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի մասին հայտարարությունները։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շահավետ համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում։
«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ և մշակութային հարաբերություններ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք զարգացնել այս հարաբերությունները մեր գործընկերների հետ այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեր, այլև նրանց համար»,- հավելել է Պեսկովը։
Մոսկվան ակնկալում է շարունակել համագործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի շուրջ, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ընդգծել է նա։
«Մեզ Հայաստանի հետ միավորում են ինտեգրացիոն նախագծերը։ Դժվար թե որևէ մեկը վիճարկի ԵԱՏՄ-ի դերն այս երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում. դրա դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։
Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։
