Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։
Բաղային նշել է, որ Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի և Ադրբեջանի ուշադրությանը՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։ Բաղային ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։