Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։
Անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, այս և մի շարք այլ խնդիրներ հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը:
Նախագծով սահմանվում է՝
- Թե ով է համարվելու անհայտ կորած անձ: Այս պարագայում զինծառայողը կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ կամավորականը, որն անհետացել է
1.ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում կամ
2. ՀՀ պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ
3. զինադադարի ընթացքում կամ
4. ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում :
Նախագծով հստակեցվում են՝ անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում՝
- Անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում՝ գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը (մասունքները) ստանալու իրավունքը և այլն։
- Անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը:
- Անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է Լիազոր մարմին՝ ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որի հիման վրա անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են Ռեեստր:
Սահմանվում են նաև Լիազոր մարմինն ու գործողությունների շրջանակը:
Նախագծով սահմանվելու են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը, որոնք ներկայում ամրագրված են տարբեր իրավական ակտերում:
Մասնավորապես, նախատեսվել է, որ՝
1. անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, մահվան դեպքերում ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն.
2. ընտանիքի այն անդամները, որոնք անձի անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ ՀՀ տարածքում չունեն սեփական բնակարան կամ ունեն, բայց այն 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով կարող է հատկացվել բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար կարող են ստանալ աջակցություն.
3. զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսնինը (կինը) ընդհանուր մրցույթից դուրս ընդունելության և անվճար ուսումնառության իրավունք ունեն բուհերում.
4. անհայտ կորած անձի ընտանիքի անդամը կենսաթոշակային ապահովության և նպաստի ստացման իրավունք ունի, որն իրականացվում է ոլորտային օրենքներով սահմանված կարգով.
5. Ընտանիքին տրվում է նաև դրամական աջակցություն՝ Կառավարության սահմանած կարգով և չափերով, ընտանիքի անդամներն օգտվում են Հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից և փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով։