10 փետրվարի 2026 – 16:53 AMT
PanARMENIAN.Net – ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է «Մեր ձևով» շարժման հայտարարությանը, ըստ որի՝ իշխանության գալու դեպքում փոքր և միջին ձեռնարկությունները կազատվեն հարկերից` նշելով, որ զրո տոկոս հարկն իր հետևանքներն ունի, ու դա կոչվում է ստվեր, ստվերի մեծացում։
«Երբ խոսում ենք զրո տոկոս հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություն, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում ու տեղավորում այդ համակարգի մեջ։ Հետևաբար մեզ համար անընդունելի է նման մոտեցումը և կարծում ենք, որ դա կարող է բերել ստվերի էական աճի», հայտնում է Sputnik Արմենիան:
Հակոբյանի խոսքով՝ ներկայիս կառավարության մոտեցումն ուղղված է ՓՄՁ ոլորտի աջակցությանը՝ պահպանելով մեղմ հարկային բեռը, հեշտացված վարչարարությունն ու հաշվետվությունների ներկայացման պարզեցված մեխանիզմները։
«Հիշեցնեմ, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրությունն ազատված է հարկից։ Ինչ վերաբերում է շրջանառության հարկին, ապա ճիշտ է` դրույքաչափերը բարձրացվեցին, սակայն ծախսագրության արդյունքում հարկերի վճարման դերն էապես նվազում է»,-ասել է նա:
ՊԵԿ նախագահը շեշտել է, որ զրո տոկոս հարկի գաղափարը սխալ է ցանկացած իրավիճակում, քանի որ բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն պետության զարգացման գործընթացին։
«Հայեցակարգային իմաստով շատ կարևոր է, որ ցանկացած մարդ ինչ–որ չափով իր փոքր ներդրումն ունենա պետության կայացման գործում, քանի որ անգամ այդ փոքր ներդրումն անելով` նա ավելի պահանջատեր է դառնում ու իրեն սեփականատեր զգում իր երկրում։ Հորդորս այն կլինի քաղաքական գործիչներին, որ ցանկացած թիրախ դնելուց կամ արտահայտվելուց առաջ անդրադառնայինք դրա հիմքում դրված հիմնավորումներին, որոնք թույլ կտային կառուցողական քննարկումներ անել»,-նշել է Հակոբյանը:
Խոսելով ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքների մասին՝ Հակոբյանը հայտնել է, որ 2025 թվականին բացահայտվել է 363 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 44 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Այս բացահայտումների արդյունքում պետբյուջե է վերադարձվել 124 միլիարդ դրամի թաքցված հարկ, ինչը 29 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատ, ինչպես նաև վերականգնվել է 37 միլիարդ դրամ, ինչը 4 տոկոսով ավելի է 2024-ից։
Նա հավելել է, որ հարկային տեսուչների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակն այս ընթացքում նվազել է 22 տոկոսով։