Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման կարգ կսահմանվի

Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման կարգ կսահմանվի

10 փետրվարի 2026 – 13:32 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որը նպատակ ունի լուծել Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցումների վճարման ընթացակարգի բացը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ամրագրել նոր լիազորում, որի հիման վրա կառավարությունը կկարգավորի այդ վճարումների իրականացումը, հայտնում է Արմենպրեսը:

«Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պարտավորությունն է։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով»,–նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթերի ներկայացման գործընթացում հաճախ առկա է անկանոնություն, ինչը բարդացնում է վարչապետի աշխատակազմի կողմից գումարների ժամանակին փոխանցումը։

Անդրեասյանն ընդգծել է, որ մինչ այս վճարումները կատարվել են առանց հստակ իրավական մեխանիզմի, ինչը շարունակաբար բերում է գործնական դժվարությունների։

«Թերևս, առայսօր գործնականում արդարացի փոխհատուցման վճարումներն իրականացվել են, սակայն իրավական հիմքի բացակայությունը շարունակաբար հանգեցրել է գործնական տարբեր խնդիրների առաջացմանը, որոնց լուծմանն է միտված հիշյալ կարգավորման անհրաժեշտությունը»,– հավելել է նա։

Նախագծի ընդունմամբ պետությունը կհաստատի հստակ և կանխատեսելի գործընթաց՝ ԵԴՎ վճիռների հիման վրա արդարացի փոխհատուցումներ տրամադրելու համար։

Leave a Comment