Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը փետրվարի 10-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգը: Նստաշրջանի օրակարգում խորհրդարանի քվեարկության արդյունքում չի ընդգրկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը բացասական էր:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու հայտարարության նախագծին:

Կողմ էր քվեարկել 21 պատգամավոր, ձեռնպահ՝ 1, դեմ՝ 52:

Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Խորհրդարանը հաստատել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ««Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին» հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հերթական նիստերի օրակարգի հաստատումից հետո խորհրդարանը սկսել է նախագծերի քննարկումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ մի քանի ուղղումներ են առաջարկվում նշված երկու օրենքներում: ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում առաջարկվում է սահմանել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ որպես նոր հասկացություն եւ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն: Նաեւ լիազորող նորմ է սահմանվում, որպեսզի «անկախ կյանքի կենտրոնների» աշխատանքի կարգը եւ պայմանները սահմանվեն լիազոր մարմնի կողմից:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է հնարավորություն տալ աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաեւ ոչ պետական կազմակերպություններին: Գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը երբեմն խոչընդոտներ է ստեղծում այլ հնարավոր աղբյուրներից այդ ֆինանսավորումն իրականացնելու համար: Որպես օրինակ՝ նշվել է «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի վիրավորների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում: Մյուս փոփոխությամբ «անձնական օգնականի» ծառայությունների մատուցման գործընթացում առաջարկվում է պայմանագիրը եռակողմ դարձնել:

Նշվել է, որ նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման եւ տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է, որ փաթեթի ընդունումը կնպաստի աջակցող միջոցների տրամադրման եւ վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը, «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության եւ գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձեւավորմանը:

Նախատեսվում է նաեւ, որ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) Կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ:

Leave a Comment