ՀՀ-ում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

ՀՀ-ում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան

10 փետրվարի 2026 – 10:46 AMT

PanARMENIAN.Net – YouTube հարթակը տեղեկացրել է, որ Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ դա անվանելով «երկար սպասված լուր»:

«Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ»,- գրել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար YouTube-ի նման հարթակներն առավել են, քան պարզապես բովանդակություն տարածող գործիքներ․ դրանք նաև տնտեսական նոր հնարավորություններ են ստեղծում, խթանում թվային ձեռներեցությունը և նպաստում հանրային դիմադրողականության բարձրացմանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում՝ բազմազան ու վստահելի կարծիքների միջոցով։

Նախարարը հավելել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը համաշխարհային խոշոր գործընկերների հետ՝ ապահովելու, որ հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեք ինտեգրվեն միջազգային թվային էկոհամակարգին։

«Մենք ակնկալում ենք այս դրական մոտեցումների շարունակական զարգացումը մեր ամերիկյան գործընկերների հետ համատեղ, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ»,- գրել է նախարարը։

Leave a Comment