9 փետրվարի 2026 – 18:51 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցին ընդառաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անում Բաղրամյան պողոտայում` ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիներին։
Շարժման անդամ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշել է, որ այսօր հայ գերիներին վերադարձնելու ամենալուրջ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ես միշտ կրկնում եմ, որ այն, ինչ չի անում ՀՀ իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Մեր բողոքի ձայնը միանշանակ հասնելու է Վենսին։ Մեր հույսերը սին չեն։ Պարտավոր ենք ԱՄՆ ներկայացուցչից պահանջել, որ տեր կանգնեն իրենց խոսքերին»,– ասել է Ալավերդյանը։
Ակցիայի մասնակիցները բերել էին Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։ ԱՄՆ պատվիրակության մեքենաների նախագահական շենքին մոտենալու պահին մասնակիցները վանկարկել են՝ «Ազատություն հայ պատանդներին»։
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Վենսին հղած ուղերձում կոչ է արել, որ նա Բաքու կատարելիք այցի ընթացքում բարձրացնի 19 հայ գերիների անհապաղ ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման և արցախահայության վերադարձի գործնական մեխանիզմների ներդրման հարցերը։
Ակցիայի ավարտին մասնակիցները գրավոր կերպով ձևակերպել են իրենց պահանջները՝ նպատակ ունենալով հնարավորության դեպքում փոխանցել դրանք ԱՄՆ փոխնախագահին։
Ջեյ Դի Վենսը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և իրենց երեք երեխաների հետ։ Մեկնարկել է նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդեն պաշտոնական հայտարարությունները։