Շվեդական ինստիտուտի (Swedish Institute) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անցումային արդարադատություն․ հաստատելով Հայաստանի, Մոլդովայի և Շվեդիայի միջև գործընկերություն՝ ուղղված բացերի լրացմանը» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (ՄԱԿ ՀԱ) 2026թ․ փետրվարի 20-ին Երևանում մեկնարկում է երիտասարդ լրագրողների համար դասընթացների շարք՝ նվիրված լրագրողների դերին և գործունեությանն անցումային արդարադատության գործընթացներում։
Առաջին դասընթացը կներառի անցումային արդարադատության ոլորտում լրագրողների/ մեդիա ոլորտի գործիչների դերին և առաքելությանը, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի լուսաբանմանն առնչվող հարցերին ու միջազգային փորձին։ Որպես բանախոսներ դասընթացին հանդես կգան հայաստանյան փորձագիտական շրջանակների և Մարդու իրավունքների շվեդական հիմնադրամի (SFHR) ներկայացուցիչները։
Դասընթացի աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը։ Դասընթացի որոշ հատվածներում կապահովվի անգլերենից հայերեն թարգմանություն՝ մասնագիտական տերմինաբանության ներկայացման նպատակով։
Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել հոդված/մուլտիմեդիա նյութ անցումային արդարադատության և մարդու իրավունքներին առնչվող թեմաներով։ Լավագույն նյութերը կհրապարակվեն SFHR-ի և ՄԱԿ ՀԱ-ի կայքերում և ոլորտային առցանց աղբյուրներում։ Լավագույն հոդվածի հեղինակը, որի ընտրությունը կկատարի Հայաստանի, Մոլդովայի և Շվեդիայի փորձագետներից կազմված հանձնաժողովը, հնարավորություն կունենա միանալ 2026թ․ ապրիլին Ստոկհոլմում կայանալիք չորսօրյա ուսումնաճանաչողական ծրագրին։ Մասնակցության էլ․վկայագիրը հասանելի կլինի դասընթացի յուրաքանչյուր մասնակցի համար։
Մասնակցության պահանջներ․
- 18-30 տարեկան ուսանողներ/սկսնակ կամ աշխատանքային փորձ ունեցող լրագրողներ, ովքեր հմտանում/հմտացած են հետաքննական լրագրության ոլորտում։
- Պատրաստակամություն փետրվարի 20-ին մասնակցել դասընթացին /տևողությունը՝ ժամը 10:00-19:00/:
- Անգլերեն լեզվի իմացություն (բանավոր և գրավոր հաղորդակցության բավարար մակարդակ)։
Մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։ Մասնակցության տեղերը սահմանափակ են։ Առաջնահերթություն կտրվի առաջինը հայտ ներկայացրած այն երիտասարդներին, ովքեր համապատասխանում են վերոնշյալ պահանջներին։
Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։
Դասընթացի շրջանակներում ՄԱԿ ՀԱ-ն հոգում է մասնակիցների սննդի հարցը։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարելով +374 (43) 142583 հեռախոսահամարով:
***
Նշենք, որ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (ՄԱԿ ՀԱ), Մարդու իրավունքների շվեդական հիմնադրամը (SFHR) և Մոլդովայի Կոռուպցիայի վերլուծության և կանխարգելման կենտրոնը (CAPC) համատեղել են ջանքերն՝ անցումային արդարադատության մարտահրավերների հաղթահարման նպատակով։
Ծրագրի հիմնական գործողություններն են՝
- գիտելիքի և փորձի փոխանակում և կարողությունների զարգացում օրենսդիրների, քաղհասարակության, հետաքննիչ լրագրողների համար,
- ուսումնական այց Շվեդիա,
- սեմինարներ երիտասարդ լրագրողների համար,
- առցանց իրազեկման արշավներ,
- հանրային քննարկումներ և հանդիպումներ,
- հետազոտության իրականացում։