9 փետրվարի 2026 – 15:01 AMT
PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող վրացական մայրուղու գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ունի նպատակ առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ զարգացնելով տարանցիկ փոխադրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, հայտնում է Արմենպրեսը:
«Մենք ձգտում ենք առավելագույնի հասցնել մեր երկրի ռազմավարական դիրքը, և մեր նպատակներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների և տարանցիկ գործառույթների զարգացումն է», – ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ոլորտում ներկայում զգալի ներդրումներ են իրականացվում։
«Մեր ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականի վերջը Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող ճանապարհի գրեթե բոլոր հիմնական հատվածները կավարտվեն», – ընդգծել է Կոբախիձեն։
Վրացական «Sputnik» լրատվամիջոցի տվյալներով՝ Վրաստանի 2026 թվականի բյուջեով նախատեսված է ավարտին հասցնել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո ճանապարհահատվածների շինարարությունը, որոնք կապում են Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հետ։ Բացի այդ, կավարտվի Բաթումի-Սարպի մայրուղու կառուցումը, որը հասնում է Թուրքիայի սահման։