Վրաստանը, չնայած արտաքին ճնշմանը, կարողացել է պահպանել խաղաղությունը, մինչդեռ Ուկրաինային դա չի հաջողվել։ Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական PosTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք տեսանք, թե ինչ գործընթացներ սկսվեցին, երբ որոշ երկրներ չկարողացան դիմակայել ճնշմանը։ Ես նկատի ունեմ Ուկրաինան։ Ուկրաինայում ամեն ինչ սկսվեց հեղափոխությունից (2014 թվականի Մայդանը), իսկ այն ուժերը, որոնք կազմակերպեցին հեղափոխությունը, պատասխանատվություն չվերցրին այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան։ Մենք կարողացանք պաշտպանել մեր շահերը, և դրա արդյունքն այն է, որ մեր երկրում պահպանվում է խաղաղությունը»,-ասել է Կոբախիձեն։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, հանրապետության ներկայիս իշխանությունները երկրի նորագույն պատմության ընթացքում միակն են, որոնք կարողացել են ապահովել շարունակական խաղաղ զարգացում։
«Սա այն գլխավոր ձեռքբերումն է, որը մենք պետք է գնահատենք և ապագայում ամեն ինչ անենք այն պահպանելու համար»,-հավելել է նա։