Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
– Անդրադառնանք հայ-ադրբեջանական հարաբերություններին. «Զայեդ» մրցանակաբաշխության մասին խոսելիս կողմերը խոսում էին մոտ երեք տասնամյակ անց խաղաղության հաստատումից։ Ինչու՞, այնուամենայնիվ, չնայած այդ խոսույթին, Ադրբեջանը չի կնքում խաղաղության պայմանագիրը։
– Ադրբեջանը խոսում է և բանակցում հաղթողի դիրքերից և ուզում է ստանալ առավելագույնը։ Թանկացնում է խաղաղության գինը․ հիմա բացի Երևանից ուզում է առավելներ ապահովել միջազգային ընտանիքից և տարածաշրջանում մուտք գործող ուժերից․ այս դեպքում՝ ԱՄՆ-ից։ Բաքվի խուսանավումները պիտի դիտարկել տարածաշրջանում գլխավոր խաղացողների հարաբերակցությամբ։ Խաղաղությունը Բաքվի համար ավելի շատ դիվանագիտական գործիք է, քան՝ նպատակ։
– Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խոսում էին առևտրատնտեսական հարաբերությունների մասին, քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:
– Հարաբերությունների նորմալացման գնացքը շատ դանդաղ է շարժվում։ Ադրբեջանը քայլեր անում է որոշակի ճնշման տակ։ Ուզում է մինչև իրավական ակտը առավելագույն լծակներ ձեռքբերել Հայաստանի ուղղությամբ։ Առևտրական հարաբերությունների հաստատումով տպավորություն է թողնում, որ գործընթացը գնում է դեպի նորմալացում։
– Բաքուն խոսում էր խաղաղությունից, սակայն հրապարակվեցին ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները․ նրանք դատապարտվել են ցմահից-20 տարվա ազատազրկման։ Սա ի՞նչ էր նշանակում. արդյոք դատավճիռները կայացվել են հետո նրանց Հայաստան վերադարձնելու համար։
– Թայմինգը ուշագրավ է՝ խաղաղության մրցանակ ստանալու հաջորդ օրը։ Խաղաթղթեր է ապահովում Բաքուն այս կերպ։ Իհարկե, ներքին լսարանին հաղթող կողմի համոզումն է փոխանցում։ Կարծում եմ, սակայն, Ադրբեջանի նկատմամբ գոյություն ունեցող այն բոլոր մեղադրանքները՝ ցեղասպանական քաղաքականություն, բռնատեղահանում, ռազմական հանցագործություններ, այս բոլորը փորձում է շրջել դեպի հայկական կողմը։
– Հաջորդ շաբաթ տարածաշրջան է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Վենսը. ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ այցից. միայն Թրիփփի հարցո՞վ է գալու Հայաստան, թե՞ կան այլ օրակարգեր։
– Վենսի այցը պիտի դիտարկել, նախ, ռուսական գործոնի ազդեցության տկարացման և Իրանի վերահսկման շրջանակներում։ Կայունացումն ու ԹՐԻՓՓ-ը պայմանավորվում են այս նպատակներով։
– Արդյոք այդ այցից հետո և գերիների, և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում կտեսնենք առաջխաղացում։
– Չեմ կարծում՝ արագ որևէ լուծում կլինի։ Չի բացառվում որ մարդասիրական մոտեցումներով հարցը քննարկվի։ Այս խնդիրը կապվում է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այս առումով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները, երբ ասում էր, որ հետխորհրդային երկրներում ու, նաև, Հայաստանում Արևմուտքը սառը հաշվարկներ ունի. ի՞նչ հաշվարկների մասին է խոսքը։
– Առաջին հերթին ուղերձ է, որ ԱՄՆ-ն չի փոխարինի ՌԴ-ին անվտանգության հարցում։ Ակնարկ է այն նախագծերին, որ ունի ԱՄՆ-ն Էներգետիկ և տնտեսական ոլորտներում։
– Ամերիկա-իրանյան հարաբերություններին ևս անդրադառնանք: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ բանակցություններից. լարվածության մարու՞մ, թե՞ նոր սրացումներ սպասենք։
– Վերահսկելի լարվածությունը շարունակվելու է․ չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն։ Հայտարարությունների էսկալացիան ճնշամիջոցային քաղաքականության կարևորագոյւն բաղադրիչ է, ինչը տեղի է ունենում:
Արման Գալոյան
