Հակոբ Բադալյանը գրում է.
Մեկ այլ հարց է, թե ինչու՞ օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային կանոնադրությունը Հայաստանում անցել է ներպետական լիարժեք վավերացում՝ կառավարություն, ՍԴ, խորհրդարան, նախագահ, իսկ ահա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունը չի անցնում վավերացման նույն գործընթացը:
Չէ՞ որ երկուսն էլ միջպետական հանձնաժողովների աշխատանքային կանոնադրություն են: Հետեւաբար ինչու՞ է տարբերակված մոտեցում: Որովհետեւ մեկը սահմանային, այսինքն տաևածքային հարցերի մասին է, իսկ մյուսը՝ ոչ: Դա չի կարող լինել բացատրություն, որովհետեւ երկուսն էլ ընդամենը հանձնաժողովների աշխատանքային կանոնադրություն են, ոչ ավելի:
Եվ, ավելին, չէ՞ որ Թրամպի ուղին՝ որը առնչվում է Հայաստանի տարածքին, ներկայացվում է իբրեւ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության արդյունք, արգասիք:
Ըստ այդմ, ինչու՞ է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքային կանոնադրությունը անցել լիարժեք վավերացում՝ ինչը ենթադրվում է այն դեպքերում, երբ վավերացվող թղթով սահմանվում է պետության պարտավորություն, իսկ հայ-ամերիկյան կանոնադրությունը՝ չի դրվում այդպիսի վավերացման: