6 փետրվարի 2026 – 19:09 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թ․ հունվարի սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ 12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում արձանագրվել է 3.8 % գնաճ։
Կոմիտեի տվյալներով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 5.9 %-ով, հայտնում է Sputnik Արմենիան:
Մասնավորապես՝ հունվարին զգալի թանկացել են մի շարք մթերքներ. ձավարը՝ 5 %, ալյուրը՝ 5.5 %, մակարոնեղենը՝ 8.2 %, հնդկացորենը՝ 10.2 %, թռչնամիսը՝ 4.5 %, իսկ տավարի, խոզի և գառան մսերը՝ համապատասխանաբար 12.8 %, 13.1 % և 14.1 %։ Թարմ կաթը թանկացել է 5.4 %-ով, պանիրը՝ 6.4 %-ով, մածունը՝ 6.7 %-ով, թթվասերը՝ 8.9 %-ով, իսկ ձուն՝ 11.7 %-ով։ Կարագն ու մարգարինը թանկացել են համապատասխանաբար 7.3 % և 9.8 % չափով։ Շաքարավազը բարձրացել է 2.2 %-ով, իսկ արևածաղկի բուսական յուղը՝ 6.5 %-ով։
Մրգի ապրանքախմբում գրանցվել է 4.5 % գնաճ, իսկ բանջարեղենի պարագայում՝ 2.9 % գնանկում։
Վառելիքի գների համատեքստում՝ 2026 թ․ հունվարին 2025 թ․ դեկտեմբերի համեմատ բենզինը և դիզելային վառելիքը զգալիորեն էժանացել են՝ համապատասխանաբար 4.5 % և 1.6 %-ով։ Այս ընթացքում հեղուկ ածխաջրածինների շուկայում (բութան, պրոպան և այլն) արձանագրվել է 9.2 % գնաճ, իսկ դրանց միջին ամսական գինը կազմել է 223.8 դրամ։
Ծառայությունների սակագները ընդհանուր առմամբ աճել են 2.6 %-ով։
Հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 380 դրամ, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2025 թ․ հունվարին, այն եղել է 397.9 դրամ։