ՀԲՖ գլխավոր քարտուղար․ Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանի Երևան

ՀԲՖ գլխավոր քարտուղար․ Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանի Երևան

7 փետրվարի 2026 – 10:33 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 5-ին կայացած վիճակահանությունից հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանի բասկետբոլի թիմը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ասել է է, որ նման զարգացումը եղել է կանխատեսելի, հայտնում է Factor.am-ը:

«Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դիմել էր կառավարությանը և ամենաբարձր մակարդակով ստացել էր երաշխավորագիր, որ Հայաստանն ապահովելու է Ադրբեջանի պատանեկան հավաքականի անվտանգությունը։ Մենք էլ այդ երաշխավորագիրը ներկայացրել էինք ՖԻԲԱ Եվրոպային։ Բայց հետագայում Ադրբեջանը հրաժարվել է մասնակցությունից։ Մեզ համար դա ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ խոսքը պատանեկան հավաքականների մասին է, և այդտեղ որոշում ընդունողները հիմնականում ծնողներն են։ Երբ 2 տարի առաջ Բաքվում անցկացվում էր 18 տարեկանների առաջնությունը, մենք չկարողացանք մեկնել, քանի որ բասկետբոլիստների ծնողները կտրականապես դեմ էին, և այդ հարցը նույնիսկ չհասավ լուրջ քննարկման»,- ասել է Արթուր Նազարյանը։

Ադրբեջանի Մ20 հավաքականը ևս բաց է թողել 2025 թվականի ամռանը Երևանում կայացած Եվրոպայի B դիվիզիոնի մրցաշարը։

Երևանը հուլիսի 4-12-ը կընդունի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Մ16 հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ մրցելու է Ջիբրալթարի, Անդորրայի, Մալթայի և Մոնակոյի ընտրանիների դեմ։ A խմբում ընդգրկված են Կոսովոյի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մոլդովայի հավաքականները։

Leave a Comment