Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Փետրվարի 5-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում հայց է ստացվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ ԱԺ նախագահը պահանջում է պարտավորեցնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ներողություն խնդրել իրենից։

Iravaban.net ֊ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Հայցային պահանջը

  1. Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պարտավորեցնել Հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև.տեղադրել հայտարարություն Ֆեյսբուք սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
  2. Պատասխանող՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
  3. Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 000 (հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Գործի ընթացքը

Գործի մակագրման, գործը վարույթ ընդունելու և հետագա ընթացքի մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment