6 փետրվարի 2026 – 12:03 AMT
PanARMENIAN.Net – «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, արձագանքելով Բաքվում հայ գերիների դեմ կայացված դատավճիռներին, հայտարարություն է տարածել՝ համզմունք հայտնելով, որ «հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է վարչախմբի քաղաքական շահերից»:
«Այսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման։
Սա հերթական դառն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու։ Հայաստանի և Ադրբեջանի բռնապետերի՝ Աբու-Դաբիում խաղաղության մրցանակ ստանալու երեկվա հանդիսության և հնչեցրած կեղծ ու շողոքորթ հայտարարությունների ֆոնին ազատազրկումների այսօրվա դատավճիռները անարգանքի ցինիկ դրսևորումներ են հայության ու քաղաքակիրթ ողջ մարդկության հանդեպ։
Փաշինյանի գլխավորած վարչախումբը հանցակից է այս հանգրվանին հասնելու հարցում, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս քաղաքացիների պատանդառումը Արցախի դավաճանական հանձնման հետևանքով է եղել։
Պատանդառումից հետո մինչև օրս վարչախումբը ոչ մի գործուն քայլ չի կատարել մեր հայրենակիցներին ազատելու ուղղությամբ։ Ավելին՝ մենք համոզմունք ունենք, որ հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է վարչախմբի քաղաքական շահերից։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը զորակցում է պատանդառված մեր հայրենակիցների ընտանիքներին և հայ ժողովրդին։ Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը, որպեսզի կարողանանք ազատել մեր հայրենակիցներին»,-ասվում է հայտարարության մեջ:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։