Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային օդանավակայանի կարգավիճակ շնորհելու անհրաժեշտ միջոցառումների ցանկ է մշակվել, Armenia Today-ին գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարությունից տեղեկացրել են, որ միջոցառումների ցանկի վերաբերյալ առաջիկայում քննարկում կկազմակերպվի։
Գերատեսչությունից հավելել են, որ միջոցառումների ցանկը մշակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2025 թվականին։
ՏԿԵՆ-ից, սակայն, չեն հստակեցրել, թե երբ են կազմակերպվելու քննարկումները, և ինչ ժամկետներում է նախատեսվում օդանավակայանը միջազգային դարձնել։
Կառավարության հունվարի 22-ի նիստում գործադիրը հավանություն էր տվել նախագծին, որով ստեղծվում են պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար։ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը նույն նիստում նշել էր, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2033 թվական Կապանի օդանավակայանի նոր տերմինալը շահագործման հանձնել։
2025-ի դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանի օդանավը տեխնիկական զննության մեջ է, և մինչև ավարտն այլ օդանավ կներգրավեն թռիչքները շարունակելու համար։
Աննա Բադալյան
