Սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները կատեստավորվեն ավարտական քննությունների արդյունքներով

Ինչպես փոխանցում է Iravaban.net–ը, ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին հարցը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները ատեստավորված կհամարվեն ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով։

«Պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։

Նախարարի խոսքով՝ ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 4000-ից ավելի պարտադիր զինծառայողներ անցել են պայմանագրային զինվորական ծառայության։

Պապիկյանն ընդգծեց, որ հոսքն աճի միտում ունի, որի կապակցությամբ առաջարկվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ երկու կամ հինգ տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն․ երկու տարվա դեպքում՝ մեկ ու կես միլիոն, հինգ տարվա դեպքում՝ հինգ միլիոն դրամ։

Նախարարը առաջարկում է հիմնականում 24–25 տարեկան զինծառայողների համար ստեղծել լրացուցիչ նյութական մոտիվացիա՝ պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով։

 

 

Leave a Comment