Նախագծով ակնկալվում է ապահովել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը եւ սպասարկումը

ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու որոշմամբ: Դրա փոխարեն նոր կարողություններով համապատասխան ստորաբաժանումներ պետք է ձեւավորվեն քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան կարգավորումները: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Ազգային Ժողովից։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է 95 լրակազմ ունեցող նոր տեղամաս՝ նորագույն սարքավորումներով, վերանորոգված: Տեղամասն իրականացնում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործառույթները:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծով նախատեսվում է բուժական քրեակատարողական հիմնարկ ունենալու պահանջը վերացնել եւ տալ ավելի լայն կարգավորումներ՝ հնարավորություն ընձեռելով համապատասխան կարողություններ ունեցող քրեակատարողական հիմնարկներում իրականացնել երկարատեւ բուժման ընթացք պահանջող պացիենտների բուժում:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը պարզաբանել է, որ երկարատեւ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող պացիենտները տեղափոխվելու են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, բայց դրան զուգահեռ ինչպես այժմ, այնպես էլ հետագայում բոլոր քրեակատարողական հիմնարկներում գործելու են բժշկական ստորաբաժանումներ, որոնք ընթացիկ բժշկական սպասարկում ու օգնություն են ցուցաբերելու:

Պատգամավորները հետաքրքրվել են նոր հիվանդանոց կառուցելու հնարավորությամբ, քրեակատարողական հիմնարկների խնդիրների լուծմամբ: Գեւորգ Քոչարյանի խոսքով բուժօգնության բարդ դեպքերը կպատվիրակվեն այլ բժշկական հաստատություններին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:

Քվերկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Leave a Comment