
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների վայրը դեռևս քննարկվում է, նշելով, որ Իրանի կառավարությունը նախկինում համաձայնել էր ուրբաթ օրը Թուրքիայում հանդիպման ձևաչափին, սակայն, կարծես, փոխել է իր որոշումը։
Ռուբիոն հավելել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատրաստ է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը, ինչպեսև նախատեսված է։
Եթե իրանցիները ցանկանում են հանդիպել ուրբաթ, մենք պատրաստ ենք,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Օմանում, ուրբաթ օրը: ISNA լրատվական գործակալությունը նշել է, որ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որի կազմում կլինեն նաև բարձրաստիճան դիվանագետներ:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպման վայրն ու օրակարգը փոխելու Թեհրանի որոշումը տեղի է ունենում ԱՄՆ սպառնալիքների ֆոնին, որ Իրանը պետք է բանակցությունների նստի միջուկային ծրագրի շուրջ։ Տարածաշրջանի երկրներն էլ, մտավախություն ունենալով, որ լարվածությունը կարող է ավելի լայն պատերազմի վերածվել, կոչ են անում խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել և ջանքեր են գործադրում, որպեսզի կողմերը բանակցեն:
Այս շաբաթավերջին կայանալիք հանդիպումը կլինի կողմերի միջև առաջինը՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահը գուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարածաշրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։