Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կայացված որոշումներից, էկոպարեկային ծառայության աշխատանքներից, անտառահատումներից ու COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացից խոսել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
2025 թվականին պետական բյուջեից 6,3 մլրդ դրամ է հատկացվել միայն էկոպարեկային ծառայության գործունեության համար։ Ծառայությունն այս պահին գործում է Սյունիքի մարզում։ Նախարարը ներկայացրեց արձանագրված ապօրինի դեպքերը և պարզաբանեց, թե ինչու հանրապետության մյուս մարզերը դեռևս անցում չեն կատարել էկոպարեկային համակարգին։
2025 թվականի ընթացքում պետական միջոցներով անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ են իրականացվել շուրջ 260 հա տարածքում։ Ինչ վերաբերում է անտառահատումներին, նախարարը հստակեցրեց, որ պատկերն այս պահին դեռ ամբողջական չէ։
Անդրադարձ կատարվեց նաև ջրային ոլորտին։ Մաթևոսյանի փոխանցմամբ՝ 2025-ի դեկտեմբերին Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը սահմանվել է տարեկան 926 մլն մ³, նախկին 1,1 մլրդ մ³-ի փոխարեն։ Նշված ջրաքանակը բաշխվել է ըստ գերակա ուղղությունների՝ խմելու, գյուղատնտեսության և ձկնաբուծության։
Նախարարն ազդարարեց նաև նոր ծրագրի մասին. այս տարի առաջին անգամ արհեստական վերարտադրությամբ բազմացված 80 000 կարմրախայտի մանրաձկից 50 հազարը բաց կթողնվի Ձորագետի վերին հատվածներում։ Շարունակվում է նաև իշխանի մանրաձկան բազմացման ծրագիրը, իսկ սիգի պաշարների բարելավման շնորհիվ ավելացվել են որսի քվոտաները։
Այս տարվա կարևորագույն բնապահպանական իրադարձության՝ Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախարարը կարևորեց օրակարգային հարցերի շուրջ երկրների միջև փոխհամաձայնության գալը, ինչը համաժողովի հիմնական նպատակներից է։
Արդյո՞ք COP17-ը կարող է հարթակ դառնալ պահպանվող տարածքների սահմանային խնդիրները բարձրաձայնելու համար, որոնք առաջնային են դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Այսօր ունենք հատուկ պահպանվող տարածքներ, օրինակ՝ «Շիկահող» արգելոցի մի մասը, որոնք դուրս են Հայաստանի վերահսկողությունից։ Նախարարն արձագանքեց.
«Երբ կավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, և այդ հատվածում սահմանազատումն արված կլինի, մենք հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վերհանելու և քննարկումներ կազմակերպելու։ Հույս ունեմ, որ հարևան երկրի հետ հնարավորություն կունենանք սահմանամերձ հատվածներում իրականացնել անտառպատման աշխատանքներ»։
Առայժմ հստակ չէ՝ կմասնակցի՞ Ադրբեջանը համաժողովին, թե՞ ոչ, սակայն Երևանում սպասում են կոնվենցիայի կողմ շուրջ 200 երկրի պատվիրակությունների։