3 փետրվարի 2026 – 13:04 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև վերջին շրջանում մեկնարկած քաղաքական ու անվտանգային հարցերով ռազմավարական երկխոսության օրակարգը։
Կողմերը դրական են գնահատել երկկողմ հարաբերություններում ձևավորված դինամիկան և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա։ Արայիկ Հարությունյանն անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծել ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք նախատեսված են անցկացնել Երևանում 2026 թվականի մայիսի 3-4-ին։
Նշվել է, որ այս բարձր մակարդակի միջոցառումներն արտացոլում են Հայաստանի և Եվրոպական միության միջև աճող փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել նաև ինստիտուցիոնալ կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք աջակցում են երկրի ժողովրդավարական և կառավարչական կարողությունների ամրապնդմանը։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի կողմից շարունակական ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի՝ հատկապես անվտանգության, տնտեսական և կառավարչական ոլորտներում։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։