Կարդում ենք, մտածում ենք, վերլուծում ենք․ Ժամանակակից հայ գրականության պատանի վերլուծողների համահայկական մրցույթ. «Դպրություն»

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ, մեկնարկում է «Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթը՝ նպատակ ունենալով խթանել դպրոցականների ընթերցանության մշակույթը, զարգացնել վերլուծական մտածողությունը և ձևավորել գրավոր խոսքի հմտություններ՝ ժամանակակից գրականության հիման վրա։

Մրցույթը նախատեսված է 7-12-րդ դասարանների սովորողների համար և ուղղված է այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են ընթերցանությամբ, ստեղծագործական աշխատանքով և մտավոր ինքնարտահայտմամբ։  

Ծրագրի հիմնական նպատակներից է նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների ճանաչումն ու արժևորումը կրթական միջավայրում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ 

Ընթերցանությունը ձևավորում է մտածողություն և արժեքային համակարգ, նպաստում քննադատական մտածողության զարգացմանը։ Կարդալու մշակույթը ձևավորվում է այն ժամանակ, երբ գիրքը դառնում է հասանելի և հետաքրքիր։ Ժամանակակից գրականությունն այդ կամուրջն է, որը կապում է ընթերցողին գրքի հետ։ Երիտասարդ սերնդի համար կարևոր է տեսնել իրեն հասկանալի լեզվով ստեղծագործություններ։ Իսկ ժամանակակից գրականությունը խոսում է մեր ժամանակի մարդու մասին և նրա տարածումը պահանջում է նոր մոտեցումներ։ Ապագայի հասարակությունը ձևավորվում է այսօր կարդացած գրքերով։

Սակայն, դպրոցահասակ երեխաների համար գրականություն պետք է ընտրել այնպես, որ այն համահունչ լինի նրանց տարիքային զարգացմանը, բնավորությանը և գաղափարական ընկալման կարողությանը։ Ժամանակակից գրականության լեզուն՝ իր խոսակցականությունն ու «խոստումնալից իրականությունը» հաճախ են մատուցում կարճ ձևակերպումներ կամ բառեր, որոնք չափահասների համար կարող են լինել սովորական, բայց երեխաների համար դեռ ոչ հասկանալի կամ անընդունելի։

Այսօր, երբ տեղեկատվությունը հաճախ մակերեսային է և արագ սպառվող, գիրքը մնում է խորքային ընկալման կարևոր գործիք։ Ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնարավորություն են տալիս ընթերցողին ճանաչել ինքն իրեն և շրջապատող աշխարհը։

«Հայ ժամանակակից գրականության պատանի վերլուծողները» ընթերցանության ստեղծագործական համահայկական մրցույթի ծրագրի հեղինակներն են մանկավարժ, արձակագիր Նաիրա Աբրահամյանը և «Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը։ 

                                                                      

Leave a Comment