Ապամոնտաժվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից շինությունները, կարող է քանդվել նաև «Հարսնաքարը»

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագրով փետրվարի 2-ին քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները, հայտնել են դատախազությունից։

Դատախազությունից մանրամասնել են, որ ապամոնտաժվել են Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը կից՝ բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ։ Դատախազությունը դատարանում ներկայացրել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց նշված առանձնատան վերաբերյալ։

Դատախազության փոխանցմամբ՝ 2025-ից Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր 14 հողամասում քանդվել է շուրջ 40 ապօրինի շենք-շինություն, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դադարեցվել է երկու պայմանագիր։ Նշվում է, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրել է ևս 8 միջնորդագիր:

Դատախազության միջնորդագրերը վերաբերում են Գասպարյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, ինչպես նաև «Կապավոր» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի Սևանի առանձնատներին։ Դատխազության գնահատմամբ՝ դրանք ապօրինի են։ Իրավապահ մարմինը միջնորդագիր է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի և քոթեջների ապամոնտաժման վերաբերյալ։

«Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ», – հավելել են դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025-ի դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ «Սևան» ազգային պարկի բազմաթիվ ապօրինի շինություններ պետք է քանդվեն։

Կարդացեք նաև՝

Սևանի «Հարսնաքար» համալիրն ու Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը կարող են քանդվելու փոխարեն պետականացվել․ ԶԼՄ

Leave a Comment