«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովում (IRF Summit 2026) բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների, Բաքվում պահվող գերիների և Հայաստանում եկեղեցու դեմ հետապնդումների մասին հարցերը, տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունից։
Նա, մասնավորապես, շեշտել է արցախցիների ճակատագիրը և խոսել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հայկական սրբավայրերը պղծելու մասին։
«Մինչև օրս Բաքվում ապօրինաբար պահվում են հայ քրիստոնյա գերիներ, որոնց անհապաղ վերադարձը հրատապ անհրաժեշտություն է»,- ընդգծել է նա։
Վարդևանյանը շեշտել է, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրությունը բարոյական պարտավորություն ունեն դադարեցնելու Հայաստանում իրականացվող զանգվածային ձերբակալությունները, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների ու բարերարների նկատմամբ հետապնդումների սրացումը, որոնց թվում է Կարապետյանը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը, որը դատարանը հունվարի 17-ի նիստին անփոփոխ էր թողել:
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։
Կարդացեք նաև՝