Հորդանանի ԱԳՆ. Երկիրը չի դառնա Իրանի դեմ ռազմական գործողությունների պլացդարմ

Հորդանանը կանի ամեն ինչ՝ իր օդային տարածքը խախտելու և այն Իրանի վրա հարձակումների համար օգտագործելու փորձերին դիմակայելու համար։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին, որը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

«Հորդանանը չի դառնա որևէ տարածաշրջանային հակամարտության մարտադաշտ կամ Իրանի դեմ ռազմական գործողությունների հարթակ», – ըստ Al Mamlaka հեռուստաընկերության՝ հայտարարել է նախարարը։ «Թագավորությունը թույլ չի տա որևէ կողմի խախտել իր օդային տարածքը կամ սպառնալ իր քաղաքացիների անվտանգությանը»։

Ալ-Սաֆադին վերահաստատել է Հորդանանի աջակցությունը Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմելու և հանգստություն հաստատելու ջանքերին։ Նա ընդգծել է «դիվանագիտությունն ու երկխոսությունը որպես Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու միջոց օգտագործելու անհրաժեշտությունը»։

Արաղչին բարձր է գնահատել Հորդանանի դիրքորոշումը և տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու նրա հանձնառությունը։ Երկու նախարարները համաձայնել են շարունակել երկկողմ խորհրդակցությունները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և նպաստել իրավիճակի լիցքաթափմանը։

Leave a Comment