Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ

Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում օրերս ՊԵԿ մաքսանենգութան դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել, որ Հայաստան  է ժամանել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ.Դ.-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Որոնողական աշխատանքների արդյունքում Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին հայտնաբերվել և հրավիրվել է  մաքսային հսկողության գոտի և ռենտգենային սկանավորման միջոցով ենթարկվել անձնական մաքսային զննման:  Արդյունքում, նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ: Ռ.Դ.-ն տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։

Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ  իրականացրել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ: Պարզվել է թմրամիջոցների ՀՀ ներկրումը և հանրապետության տարածքում դրանց հետագա իրացումը կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում, Երևանի հասցեներից մեկում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ևս 2 քաղաքացի:   Ձերբակալվածներ Ռ․Դ․-ն, Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

—00—ԼԱ

Leave a Comment