ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս «Բաց կառավարման գործընկերությունից» (ԲԿԳ)

Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես հայտարարել է «Բաց կառավարման գործընկերությունից» (ԲԿԳ) (Open Government Partnership – OGP) դուրս գալու մասին։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԲԿԳ տարածած հաղորդագրությունից։

Այս գլոբալ կառույցը, որին ԱՄՆ-ն անդամակցում էր տարիներ շարունակ, ստեղծվել էր կառավարությունների թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության խթանման նպատակով։

ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) պաշտոնական նամակում նշվում է, որ անդամակցությունը դադարեցվում է անհապաղ։ Ըստ նույն աղբյուրի՝ որոշման հիմքում ընկած են ազգային ինքնիշխանության պահպանման, բյուջետային միջոցների արդյունավետության և կազմակերպության գաղափարական ուղղվածության հետ կապված լուրջ մտահոգությունները։

Իրավաբան.net-ը  ներկայացնում է որոշման մանրամասները և դուրս գալու հիմնական պատճառները՝ ըստ պաշտոնական հայտարարության․

«Այն, որ կառավարությունը հաշվետու է ժողովրդին, ամերիկյան հիմնարար արժեք է՝ ամրագրված մեր հիմնադիր փաստաթղթերում: Այնուամենայնիվ, մենք եկել ենք այն եզրակացության, որ մեր շարունակական մասնակցությունը «Բաց կառավարման գործընկերությանը» (ԲԿԳ) դարձել է լավագույն դեպքում անարդյունավետ, իսկ վատագույն դեպքում՝ վնասակար այս սկզբունքների առաջմղման համար: Հետևաբար, Միացյալ Նահանգները անհապաղ դադարեցնում է իր անդամակցությունը ԲԿԳ-ին: Մեր պատճառները հետևյալն են.

Առաջին՝ Միացյալ Նահանգները վճռականորեն դեմ է մասնակցությանը ցանկացած մարմնի, որը ձգտում է սասանել ԱՄՆ ազգային ինքնիշխանությունը կամ ենթադրել, թե այն հաշվետու է որևէ մեկին, բացի իր քաղաքացիներից: Մենք կտրականապես մերժում ենք այն մոտեցումը, թե ԲԿԳ-ն, որևէ այլ միջազգային մարմին կամ որևէ չընտրված հասարակական կազմակերպություն ունի որևէ իրավասություն՝ թելադրելու քաղաքական պահանջներ, գրաքննելու ամերիկացիների խոսքը կամ դատողություններ անելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված կառավարության վերաբերյալ: Սա ընդունելը կհակասեր ամերիկյան սահմանադրական ժողովրդավարությանը:

Երկրորդ՝ Միացյալ Նահանգները չի կարող հանդուրժել ԲԿԳ-ի կողմից պառակտող գաղափարախոսական օրակարգերի որդեգրումը: Ռասայական ինքնության քաղաքականությունը, հակաոստիկանական կողմնապահությունը, ԼԳԲՏՔ+ շահերի պաշտպանությունը, ֆեմինիզմը և կլիմայական տագնապայնությունը գնալով ավելի են գերակշռում ԲԿԳ-ի քաղաքական օրակարգում: Այս պառակտող օրակարգերը, որոնք առաջ են մղվում ծայրահեղական գաղափարախոսականների կողմից, ոչնչացրել են ԲԿԳ-ի՝ որպես թափանցիկության վստահելի ձայն հանդես գալու կարողությունը: Փոխարենը, ԲԿԳ-ն մեղսակից է դարձել անչափահասների նկատմամբ գենդերային փորձարարական «բուժումների» վնասների և ողջ աշխարհում զանգվածային միգրացիայի պատճառած ավերածությունների վերաբերյալ իրական բանավեճերի և հետազոտությունների ճնշմանը

Երրորդ՝ ԲԿԳ-ն ակնհայտորեն անարդյունավետ է իր հայտարարած առաքելության մեջ: Այն հարթակ է դարձել աշխարհի տարբեր կառավարությունների համար՝ բարեփոխումների պատրանք ստեղծելու համար, մինչդեռ նրանք չեն իրականացնում կառավարման որևէ նշանակալի բարելավում: Ձեր անդամ երկրներից շատերը ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության գրեթե ոչ մի իրական ապացույց չեն ցուցաբերում: Միացյալ Նահանգների շարունակական մասնակցությունը ԲԿԳ-ին կհամարվեր այս անարդյունավետ ստատուս քվոյի լռելյայն հավանություն:

Չորրորդ՝ ԱՄՆ կառավարությունը հանձնառու է պայքարել հանրային միջոցների վատնման, խարդախության և չարաշահումների դեմ: Մենք պարտավոր ենք ապահովել, որ ծախսված յուրաքանչյուր հարկային դոլար ի վերջո օգուտ բերի մեր քաղաքացիներին: Մինչ օրս ամերիկացի հարկատուները ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ Պետքարտուղարության միջոցով ավելի քան 5,6 միլիոն դոլար են հատկացրել ԲԿԳ-ին: Այս ծախսը որևէ էական օգուտ չի բերել ամերիկյան ժողովրդին:

Միացյալ Նահանգները հավատարիմ է թափանցիկությանը և հաշվետվողականությանը, սակայն չի կարող աջակցել մի կազմակերպության, որը վատնում է միջոցները, խթանում է վնասակար գաղափարախոսական օրակարգեր և նվաստացնում է ամերիկյան ինքնիշխանությունն ու ժողովրդավարական ամբողջականությունը: Դուրս գալով ԲԿԳ-ից՝ մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ամերիկյան արժեքներին և առաջնահերթություններին:

15 հունվարի, 2026 թ.»։

Leave a Comment