Սաբալենկայից միավոր է հանվել Australian Open-ի կիսաեզրափակչում՝ չափազանց բարձր ձայներ արձակելու համար

Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղի կիսաեզրափակչում արտառոց միջադեպ է գրանցվել աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի հանդիպման ժամանակ։ Բելառուս թենիսիստուհին հանդիպման ընթացքում մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով։

Միջադեպը տեղի է ունեցել մեկնարկային սեթում՝ 1:2 հաշվի ժամանակ, երբ մատուցում էր Սվիտոլինան։ Հանդիպումը սպասարկող շվեդ մրցավար Լուիզա Ազեմար Էնգզելը ընդհատել է խաղարկումը և միավորը շնորհել ուկրաինուհուն՝ որակելով Սաբալենկայի ճչոցը որպես խաղային կանոնների խախտում։ Սաբալենկան փորձել է վիճարկել, սակայն մրցավարը չի փոխել որոշումը։

«Դուք անբնական ձայներ եք հանում»,- հայտարարել է Էնգզելը և դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո ուժի մեջ թողել իր վճիռը։

Չնայած մրցավարական այս միջամտությանը՝ Սաբալենկան կարողացել է հաղթել 6:2, 6:3 հաշվով։

27-ամյա Սաբալենկան չորրորդ տարին անընդմեջ նվաճել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի ուղեգիր։

Leave a Comment