30 հունվարի 2026 – 10:48 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է, քանի որ ՀՀ տարածքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ Նիպահ վիրուսը նոր հայտնված զոոնոզ վարակ է, որը տարածվում է ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց շրջանում։ Վարակի հիմնական աղբյուր են հանդիսանում մրգակեր չղջիկներն ու խոզերը։
Մարդը կարող է վարակվել վիրուսով՝ մրգակեր չղջիկների թքով կամ մեզով աղտոտված մրգեր ու արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև խոզերի խնամքի կամ կենդանական ծագման հումքի հետ շփման ժամանակ։ Վարակի փոխանցում կարող է տեղի ունենալ նաև մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։
Վերջին տարիներին վիրուսի բռնկումներ են գրանցվել Մալայզիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Միևնույն ժամանակ, Կամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները և Թաիլանդը համարվում են բարձր ռիսկի գոտում գտնվող երկրներ։
Վարակը կարող է ունենալ տարբեր ընթացք՝ անախտանիշ վիճակից մինչև սուր շնչառական ախտանշաններով հիվանդություն, էնցեֆալիտներ ու նյարդաբանական խանգարումներ։ Գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր։
Վարակից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում մանրակրկիտ լվանալ մրգերը՝ մինչև օգտագործելը, խուսափել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութից, օգտագործել միայն պատշաճ կերպով մշակված կենդանական ծագման սնունդ, խուսափել հիվանդների հետ սերտ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կենդանիներին խնամելիս կիրառել անհատական պաշտպանիչ միջոցներ։