Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ամփոփիչ արդյունքները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլը, որի արդյունքներով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց Լոնդոնի «Արսենալը»։ Միկել Արտետայի գլխավորած թիմը վերջին տուրում 3:2 հաշվով առավելության հասավ ղազախական «Կայրաթի» նկատմամբ և վաստակեց առավելագույն 24 միավոր։

Լավագույն ութնյակում տեղ գտան և 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգիր նվաճեցին նաև «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», Լիսաբոնի «Սպորտինգը» և «Մանչեսթեր Սիթին»:

Մրցաշարային աղյուսակի 9-ից 24-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն անցումային խաղերում (փլեյ-օֆֆ)՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։ Այդ ակումբներն են՝ Մադրիդի «Ռեալը», «Ինտերը», ՊՍԺ-ն, «Նյուքասլը», «Յուվենտուսը», Մադրիդի «Ատլետիկոն», «Ատալանտան», Լեվերկուզենի «Բայերը», Դորտմունդի «Բորուսիան», «Օլիմպիակոսը», «Բրյուգեն», «Գալաթասարայը», «Մոնակոն», «Քարաբաղը», «Բուդյո-Գլիմտը» և «Բենֆիկան»:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին հրաժեշտ տվեցին 24-րդ հորիզոնականից ցածր գտնվող թիմերը, որոնց թվում են՝ «Մարսելը», «Պաֆոսը», «Յունիոնը», ՊՍՎ-ն, «Ատլետիկը», «Նապոլին», «Այաքսը», «Այնտրախտը», Պրահայի «Սլավիան», «Վիլյառեալը» և «Կայրաթը»:

Նոր ձևաչափի համաձայն՝ ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով լավագույն 8 թիմերը միանգամից ուղևորվում են 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը գրաված ակումբները անցկացնում են լրացուցիչ անցումային հանդիպումներ՝ մյուս 8 ուղեգրերի համար։

Leave a Comment