Կալասը բացառել է ՆԱՏՕ-ից դուրս եվրոպական բանակի ստեղծումը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը բացառել է ՆԱՏՕ-ի կրկնօրինակը կրող եվրոպական բանակ ստեղծելու հնարավորությունը։

«Յուրաքանչյուր եվրոպական երկիր արդեն ունի բանակ, և ԵՄ 23 երկրներ նույնպես ՆԱՏՕ-ի մաս են կազմում, ուստի ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք ստեղծեն ևս մեկ առանձին եվրոպական բանակ», – ասել է Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին եվրոպական բանակ ստեղծելու հնարավորության մասին, որի ողնաշարը «կլինեն Ուկրաինայի զինված ուժերը»։

«Զինվորականները պետք է ունենան հստակ հրամանատարական կառուցվածք, որը կսահմանի, թե ով ում է հաշվետու։ Եթե մենք ստեղծենք զուգահեռ կառույցներ, դա միայն կխառնի ամբողջ պատկերը», – ասել է նա։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով, հայտարարել էր, որ ԵՄ երկրները չեն կարողանա ապահովել եվրոպական անվտանգությունը առանց Միացյալ Նահանգների և կոչ էր արել եվրոպացիներին «դադարել երազել»։

Leave a Comment