28 հունվարի 2026 – 17:23 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով իր շնորհավորական ուղերձում նշել է, որ այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում
«Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում»։
Այսօր մեր զինվորներն ու սպաները բարձր պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են իրենց ծառայությունը՝ պաշտպանելով պետական սահմանները և ապահովելով հանրապետության կայունությունը։ Նրանց պատրաստվածությունն ու զգոնությունը մեր անվտանգության կարևոր երաշխիքն են։
Բանակի զարգացումն ու արդիականացումը՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը և ժամանակակից զինտեխնիկայի ներդրմանը, պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով տարեց տարի նոր բարեփոխումներ իրականացնելով բանակում։
Սիրելի՛ զինծառայողներ, ձեր ծառայությունը բարձր գնահատանքի արժանի է։ Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին և ապահովել խաղաղ ու անվտանգ ապագա մեր երկրի համար։
Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, միասնություն և առաջընթաց։
Փառք զինված ուժերին, փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-ասվում է ուղերձում: