Ամերիկահայ կազմակերպությունները դատապարտում են թուրքական ծագումով  բժիշկ Օզի հայատյաց արշավը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ խստորեն  դատապարտում է Medicare եւ Medicaid ծառայությունների ադմինիստրատոր, բժիշկ Մեհմեթ Օզի` էթնիկ փոքրամասնությունների եւ հայ համայնքի վրա թիրախային հարձակումները։ Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանը եւ Օսկար Թաթոսյանը պնդում են, որ նա ընտրողաբար թիրախավորում է ամերիկահայերին:

Օզը հրապարակավ մեղադրել է ամերիկահայերին Medicare համակարգում չարաշահումների մեջ։

Համագումարն իր նամակում գրել է, որ բժիշկ Օզի «հայ ավազակախմբերի» եւ «մաֆիայի» մասին վերջին հայտարարությունները «խորապես մտահոգիչ» են եւ «անարդարություն զգացում են առաջացնում ամերիկահայերի մոտ, որոնք հպարտությամբ ծառայել են ԱՄՆ-ին եւ իրենց համայնքներին՝ զինվորական ծառայությունից մինչեւ պետական ​​պաշտոններ, գործարարությունից մինչեւ բարեգործություն:

«Կալիֆոռնիայի հայկական օրենսդիր ժողով» հիմնադրամն իր հայտարարության մեջ ավելի կոշտ է արտահայտվել։ Հիմնադրամի նախագահ, նահանգային ժողովի պատգամավոր Ջոն Հարաբեդյանը (դեմոկրատ, Փասադենա) հայտարարել է․ «Դոկտոր Օզը խարդախության մասին որոշ բաներ լավ գիտի։ Նա միլիոններ է վաստակել՝ գովազդելով կախարդական հաբեր ու հրաշք բուժումներ՝ դավաճանելով իրեն վստահած ամերիկացիներին։ Մինչ Թրամփի վարչակազմը միլիոնավոր ամերիկացիներին զրկում է առողջապահական արտոնություններից, դոկտոր Օզը Լոս Անջելեսի փողոցներում շրջում է՝ վարկաբեկելով հայկական համայնքը։ Առողջապահական ոլորտում խարդախությունը իրական խնդիր է, եւ այն սկսվում է վերեւից»։

«Կալիֆոռնիայի հայկական օրենսդիր ժողով» հիմնադրամը ամերիկահայերի խնդիրները նահանգի սենատորներին եւ կոնգրեսականներին ներկայացնելու նպատակ ունի եւ Կալիֆորնիայի հայության ձայնը լսելի դարձնելու հարթակ է։

Մեհմեդ Օզը թուրքական ծագում ունի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի քաղաքացի է, հայտնի բժիշկ եւ մեծ լսարան ունեցող «Բժիշկ Օզի շոուն» հեռուստանախագծի հեղինակը։ Նախագահ Թրամփը նրան նշանաըել է առողջապահական Medicare եւ Medicaid ծառայությունների կենտրոնի նախագահ։

Leave a Comment