Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի Արհեստական բանականության շրջանակային կոնվենցիան

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մասին» Շրջանակային կոնվենցիան, «Ռադիոլուրին» փոխանցել է ԵԽ մեդիայի վարչության Մեդիայի և հաղորդակցությունների խորհրդատու Տատյանա Բաևա-Ֆրաշոն։

Այսպիսով Հայաստանը դարձավ Կոնվենցիայի 19-րդ ստորագրող երկիրը։

Շրջանակային կոնվենցիան նպատակ ունի արձագանքել այն հատուկ մարտահրավերներին, որոնք առաջանում են արհեստական բանականության համակարգերի ամբողջ կենսաշրջանի ընթացքում, ինչպես նաև խթանել այդ տեխնոլոգիաների հետ կապված ավելի լայն ռիսկերի և ազդեցությունների դիտարկումը՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով, մարդու առողջության, շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտի՝ աշխատանքի և զբաղվածության հարցերով։

Կոնվենցիայի դրույթները միտված են ապահովելու, որ արհեստական բանականության համակարգերի կենսաշրջանի շրջանակում իրականացվող գործունեությունը լիովին համահունչ լինի մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը։

Leave a Comment