Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանում Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրն է։ Այն նվիրված է տարբեր ժամանակահատվածներում զինված հակամարտությունների ընթացքում զոհված բոլոր զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակին։
Հիշատակի օրվա սահմանման շուրջ ձևավորվել են տարբեր մոտեցումներ։ Իշխանության նախաձեռնությամբ ընտրվել է հունվարի 27-ը՝ որպես միասնական օր՝ ընդգրկելով Հայաստանի նորագույն պատմության ընթացքում հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր անձանց հիշատակը։
Միևնույն ժամանակ ընդդիմադիր շրջանակները և հասարակական մի շարք խմբեր այլ մոտեցում ունեն՝ առաջարկել էին հիշատակի օրը կապել սեպտեմբերի 27-ի հետ, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկի օրն է։ Առաջարկի կողմնակիցների կարծիքով՝ այդ օրն ունի հստակ խորհրդանշական և պատմական նշանակություն նորագույն շրջանի զոհերի հիշատակը մեկ օրով վկայակոչելու համար։
Իշխանությունը, իր հերթին, բազմիցս նշել է, որ հունվարի 27-ը չի սահմանափակվում մեկ կոնկրետ պատերազմի կամ ժամանակահատվածի հիշատակմամբ և նպատակ ունի ընդգրկել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ամբողջ շրջանակը՝ անկախ ժամանակից և հանգամանքներից։
Այդուհանդերձ, այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհվածների ծնողներ, քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործիչներ՝ իրենց խոնարհումը մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը աղոթք է բարձրացրել «Եռաբլուրում»։
«Մեր նահատակներն ամենաթանկը՝ իրենց կյանքն են նվիրել հայրենիքին։ Կապ չունի, թե շաբաթվա կամ ամսվա որ օրն է։ Մենք ամեն օր պետք է հիշենք իրենց։ Ասում են՝ սեպտեմբերի 27-ը լավ օր չէ, բայց այդ կարծիքը մնա նրանց, ովքեր որոշում են ընդունել, մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ հիշատակել մեր տղաներին։ Փառք նրանց, ովքեր այսօր միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի հիշատակի օրն է, վաղն էլ՝ Հայոց բանակի օրը»,- նշել է Տեր Հովհաննեսը։
Արցախյան առաջին պատերազմի (1988–1994 թթ.) ընթացքում հայկական կողմի կորուստների վերաբերյալ պաշտոնական և պատմագիտական աղբյուրներում նշվում է ընդհանուր առմամբ շուրջ 7000 զոհի մասին (զինվորներ՝ մոտ 5800-6000, քաղաքացիական զոհեր- մոտ 1200-1300 մարդ): 2023 թվականի հոկտեմբերին Armenia Today-ին Քննչական կոմիտեի փոխանցած տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում էր 1016 մարդ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, գերազանցում է 3000-ը։ Նույնականացված տվյալներով՝ զինծառայողների շրջանում կա 3825, քաղաքացիական անձանց՝ 85 զոհված։ Armenia Today-ին ՔԿ-ից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի օրը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 էր։ Armenia Today-ին փոխանցած պաշտոնական տվյալով՝ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել էր 200 մարդ, 2023-ի տվյալներով՝ անհայտ է 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 19 հայ գերի կա, որոնց թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները՝ ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը:
