Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել թիմի պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշից։ Չնայած Մադրիդի «Ատլետիկոյի» կողմից ցուցաբերվող հետաքրքրությանը, փարիզյան ակումբը վճռական է տրամադրված ֆուտբոլիստին պահելու հարցում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Էկրեմ Քոնուրը։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը Ռամուշի տրանսֆերը ձեռք բերելու փորձ կկատարի միայն այն դեպքում, եթե թիմից հեռանան առանցքային հարձակվողներ Անտուան Գրիզմանը կամ Ալեքսանդր Սորլոտը։
Հիշեցնենք, որ Գոնսալու Ռամուշը ՊՍԺ-ում է 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։