Ես պատրաստ եմ հանդիպել Գեյջիի հետ․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը խոսել է հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում Ջասթին Գեյջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Փեդի Փիմբլեթին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Ըստ նախնական ծրագրի՝ ամերիկացու հաջորդ մրցակիցը պետք է լինի դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան։

Հայ մարտիկը մեկնաբանել է իրավիճակը և հնարավոր սցենարները․

«Ցանկանում եմ մենամարտել Ջասթինի հետ, քանի որ նա տիրապետում է ժամանակավոր գոտուն։ Ես պատրաստ եմ հանդիպել Գեյջիի հետ, օրինակ՝ ապրիլին կամ հունիսին, եթե Թոպուրիան պատրաստ չլինի։ Եթե Իլիան վերադառնա, ես ստիպված կլինեմ սպասել։

Սակայն կա տարբերակ, որ իմ հաջորդ մրցակիցը կդառնա Գեյջին, և մենք կմենամարտենք լիարժեք տիտղոսի համար, իսկ Թոփուրիան կտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ՝ այնտեղ գոտու համար պայքարելու։ Սա իմ ենթադրությունն է»,-ասել է Արմանը։

Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակներում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։

Leave a Comment