«Կեղծ ձյուն», ինվերսիա, մառախուղ. ձմեռային սինոպտիկական պատկեր` Արարատյան դաշտում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Արարատյան դաշտի վերջին օրերի եղանակը, այն բնորոշելով, որպես ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն»։


«Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։

Ջերմաստիճանային ֆոն

Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա բնորոշ է ինվերսիոն իրավիճակներին, երբ սառը օդը «լճանում» է հովիտներում ու նախալեռնային տարածքներում։

Մառախուղ

Ինվերսիայի պայմաններում մառախուղը տարածվում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հարակից նախալեռնային հատվածներում, պահպանվելով նույնիսկ ցերեկային ժամերին և արեգակնային ճառագայթումը բավարար չէ սառը օդի շերտը քայքայելու համար։

Երբ թվում է, թե ձյուն է գալիս, բայց իրականում՝ ոչ

Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մառախուղի մանր կաթիլները ենթարկվում են դեսուբլիմացիայի՝ ջրային գոլորշին անմիջապես անցնում է պինդ վիճակի առաջացնելով մանր սառցաբյուրեղներ։

Արտաքուստ սա կարող է հիշեցնել թույլ ձյուն, սակայն իրականում դա տեղումներ չեն։ Դրանք մառախուղից առաջացած սառցային մասնիկներ են, որոնք.

-նստում են ճանապարհների, ծառերի, լարերի վրա
-արագ սառչում են մակերևույթին
-առաջացնում են մերկասառույց, հաճախ՝ աննկատ

Վտանգ ճանապարհներին

Այս երևույթը հատկապես վտանգավոր է, քանի որ մերկասառույցը կարող է ձևավորվել առանց տեղումների, և վարորդները հաճախ չեն սպասում նման պայմանների։ Ճանապարհը կարող է թվալ պարզապես խոնավ, մինչդեռ իրականում այն սառցակալած է։

Leave a Comment