ԱՄՆ-ը նախատեսում է թիրախային հարվածներ հասցնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների և հրամանատարների ուղղությամբ, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան համար, հաղորդում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
Լրատվական կայքի զրուցակցի խոսքով՝ հարվածները կարող են հասցվել արդեն այս շաբաթ։ Սակայն ժամկետները կարող են փոխվել, նշել է պարբերականը։
Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը լրատվականին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմում խոսակցությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Թեհրանում «ռեժիմի փոփոխության» ձգտումից:
Ավելի վաղ Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ վեճերի դիվանագիտական կարգավորմամբ: Ընդ որում, ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ զգալի ուժեր է կենտրոնացրել Իրանի վրա։
Reuters-ը հունվարի 27-ին հաղորդել էր, որ Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմը և աջակցող ռազմական նավերը հասել են Մերձավոր Արևելք:
