Զինծառայողին ստիպողաբար հոգեմետ դեղեր տալու վերաբերյալ տեղեկությունները կեղծ են, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով այդ թեմայով հրապարկմանը:
Կարինե Մարգարյանը պնդել էր, որ իր թոռնիկին ջերմությամբ և այլ խնդիրներով տեղափոխել են մարզային հոսպիտալ, ապա չպարզված հանգամանքներում տեղափոխել Երևանի կայազորային հոսպիտալ, հոգեմետ դեղ են ներարկել, որը բացասական ազդեցություն է ունեցել:
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։
«Ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան բուժում է ստանում մասնագիտացված բաժանմունքում, իսկ բժիշկ-մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվում են ըստ բժշկական ցուցումների։ Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան», – ասված է հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ավարտից հետո զինծառայողը, ըստ ՊՆ-ի, ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության։
